ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Կաթողիկոսական նոր Վեհարանի կառուցումը

Կաթողիկոսական նոր Վեհարանի կառուցումը
08.02.2022 | 16:15

1909 թ․ վերջին Եզնիկ ավագ քահանա Երզնկյանը իր խմբագրած «Հովիւ» շաբաթաթերթում գրեց․ «Ով առիթ է ունեցել լինել ս. Էջմիածնում և տեսնել Վեհարանը, ուր բնակուել են հայ ժողովրդի համազգային ներկայացուցիչները և դեռ այսօր էլ բնակւում է Ամենայն Հայոց Կաթողիկոսը, նա անշուշտ նկատած կը լինի, որ այդ շէնքը մի կենդանի նախատինք է հայ ժողովրդի համար, մասնաւորապէս մեզ՝ ռուսահայոցս համար: Այն նուիրական անձը, որին ամբողջ ազգը համազգային ընտրութեամբ հրաւիրում է իր գերագոյն հոգևոր ներկայացուցչութեան և ազգային եկեղեցին էլ այնպիսի շուքով ու խորհրդաւորութեամբ նուիրագործում է Մայր Աթոռ կոչուածի անձնաւորութիւնը, այդ նուիրական անձը միայն մի քանի աղքատ ու մութ կիսախոնաւ խուցեր ունի իր տրամադրութեան ներքոյ, խուցեր, որոնք ամեն մի քաղաքացու հեգնական ժպիտը կարող են շարժել:

Երբ որևէ բարձրաստիճան կամ սոսկ հաւատացեալ այցելութեան է գնում ս. Էջմիածին, մեծ է նրա հիասթափութիւնը՝ դիտելով Վեհարանը: Օտարներից շատերը գուցէ երազում են այնտեղ մի արքայավայել պալատ կամ Հռոմի պապի վեհարանը տեսնել:

Մայր Աթոռի միաբանութեանը շատ անգամ պէտք է վիճակուած լինի կարմրել հայ ժողովրդի փոխարէն: Աւելի յարմար դրութեան մէջ չպէտք է զգայ իրան Ամենայն Հայոց Կաթողիկոսը, երբ ստիպուած է հիւրընկալել Վեհարանի յարկի տակ այս ինչ կամ այն ինչ նշանաւոր անձին՝ յաճախ արքայական տների հիւրերին: Այսօր պ. Աղէքսանդր Մանթաշեանի շնորհիւ այդ ազգային նախատինքն էլ վերանում է և մօտ ապագայում Մայր Աթոռը կունենայ մի նոր Վեհարան, որ պատիւ կը բերէ թէ հայ ազգին և թէ մանաւանդ մեր ազգային մեծանուն բարերարին: Պ. Աղէքսանդր Մանթաշեանի այս նոր մեծագործութիւնը գալիս է ապացուցելու, որ հայ ժողովուրդը իրաւունք ունի բացառիկ յարգանք տածելու դէպի Մանթաշեանի անձնաւորութիւնը»: Այս վիճակը ամոթալի էր նաև Ալ․ Մանթաշյանցի համար։ Նա տրամադրեց 250 հազար ռուբլի ու անհապաղ ճարտարապետներից և այլ մասնագետներից կազմված մի խումբ ուղարկեց Ս․ Էջմիածին։ Արդեն կես տարի անց՝ 1910 թ․ հունիսի 6-ին, բազմաթիվ հյուրերի և ժողովրդի հոծ բազմության ներկայությամբ, տեղի ունեցավ Վեհարանի նոր շենքի հիմնարկեքի հանդիսավոր արարողությունը։ Հիմքում դրվեց մի պղնձյա տախտակ՝ հետևյալ փորագրությամբ․ «Յամի Տեառն 1910 եւ Հայոց ՌՅԾԹ-ի 6 ամսեանն յունիսի, յաւուր հրաշափառ տօնի Հոգեգալստեան, ի թագաւորութեան Նիկօլա Բ կայսեր Համայն Ռուսիոյ, ի փոխարքայութեան Կովկասու կոմս Իլլարիoն Իվանովիչ Վորոնցով-Դաշկովի եւ ի հայրապետութեան Տ. Տ. Մատթէոս Բ կաթողիկոսի Ամենայն Հայոց, հիմն արկաւ Վեհարանիս՝ ծախիւք եւ արդեամբք Մեծագործ Բարերարին՝ Աղեքսանդրի Յ. Մանթաշեանցի»:

Ապա հաջորդեց ճաշկերույթ, որի ժամանակ հնչեցին ելույթներ, առաջարկվեցին կենացներ, իսկ Բենիկ վարդապետը ասաց․ «Այսօրվայ տօնական հանդիսին Հայոց ալեզարդ Հայրապետը բազկատարած դէպի երկինք ս. Երրորդութեան հովանին էր խնդրում իր ժողովրդի և Էջմիածնի ու նրա հաստատութեանը յարատևութիւն խնդրելով: Ճարտարապետը վեմ քարը դրաւ նոր շէնքի հիմքում, բարերար Մանթաշեանը իր աշխատանքի արդիւնք ոսկին, իսկ Հայոց Հայրապետը իր օրհնութիւնը: Այդ խորհրդաւոր վայրկեանին իմ գլխովս պէս-պէս ուրախ ու տխուր մտքեր անցան ու ինքս ինձ հարց տուի. «Հայ ազգ, արդեօք դու ի՞նչ դրիր այս շէնքի հիմքում: Երկրային մի ս. Երրորդութիւն՝ ճշմարտութիւն, բարութիւն ու գեղեցկութիւն քո սրտիցդ հանեցիր ու դրիր նրա հիմքում»: Երբ կան սրանք շէնքերի հիմքում, չի գայ այն օրը, որ հնագէտի բրիչը փորէ հիմքը աւերակի և պղնձեայ տախտակը հանելով ուսումնասիրէ, իմանայ, թէ ով է շինել այս շէնքը և ինչ շէնք է եղել սա: Հայ ազգ, իմ հոգիս այդ վայրկեանին բազկատարած աղօթում էր, որ գեղեցկութիւնը, բարութիւնը և ճշմարտութիւնը քեզ հետ, քեզ հովանի լինեն: Չես խորտակվի, եթէ դրանք են կեանքիդ հիմքը. քո կենացը»: Ավելորդ է ասել․ որ Ալ․ Մանթաշյանցը իր այս Աստվածահաճո գործի ավարտը չտեսավ, քանզի շինությունն ավարտվեց 1914-ին։ Սկսված Առաջին աշխարհամարտի և հայոց ցեղասպանության ժամանակ շուրջ 30 հազար փախստականներ պատսպարվեցին Ս․ Էջմիածնում՝ Գևորգյան ճեմարանում, Ներսեսի լճակի ափերին և նորավարտ Վեհարանում:

Խաչատուր Դադայան

Դիտվել է՝ 26771

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ